Հայազգի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը դարձել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի չորրորդ փոխնախագահը, հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը։
Խիսդոնյանն իր խոսքում նշել է հայկական արմատների մասին և հիշեցրել Հայաստանում տիրող իրավիճակը։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի բռնի գործողություններն ու անհանդուրժողականությունը դատապարտելու անհրաժեշտությունը։
«Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը` հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն»,- իր ելույթում նշել է նա:
Խիսդոնյանը նաև հավելել է, որ Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
«Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- ընդգծել է նա:
Հայաստանը և Ուրուգվայը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսին։ Մարտի 22-ին Մոնտեվիդեոյում տեղի էր ունեցել Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը։