«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտել է ապրիլի 27-ին Ադրբեջանում կայանալիք «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով դպրոցական օլիմպիադան։
«Այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքն ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է այնտեղ վերադառնան»,- ընդգծում է հիմնադրամը։
Նշվում է, որ երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները: Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունը այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական և պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների խորը ուսումնասիրություն:
Հիմնադրամը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ «Կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը»,- նշում է հիմնադրամը:
Գիտավերլուծական հիմնադրամը հավելում է, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։
2023 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի ղեկավար Զահիդ Օրուջը հայտարարել էր, որ ադրբեջանցիների վերադարձը Երևան, Սևան և Զանգեզուր կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանը մեղադրել էր Երևանին ադրբեջանցիների «Հայաստան վերադառնալու» իրավունքը մերժելու մեջ։
2023 թվականի նոյեմբերի 27-ին Ադրբեջանում տեղի էր ունեցել «Արևմտյան Ադրբեջան» փառատոնը, որը, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանական համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին անվանել էր «կարևոր քայլ» ժամանակակից Հայաստանի տարածք վերադառնալու ուղղությամբ։