Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Փարիզին՝ հայտարարելով, որ «Բաքվի հետ սպառնալիքների և ճնշման լեզվով խոսելը ոչ մի արդյունք չի տա»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այդպես է մեկնակաբել Փարիզի՝ Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիային մեղադրել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին խոչընդոտելու» և «իրավիճակը սրելու մեջ»։
Ապրիլի 16-ին Փարիզը հայտարարել էր Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է «վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից շարունակվող միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին ընդունել էր ու ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների համար։ Ֆրանսիան վերահաստատել էր իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նախկինում Ադրբեջանը բազմիցս քննադատել էր Փարիզի և Երևանի համագործակցությունը։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա էր հայտարարել։ Այս որոշումը կայացվել էր ի պատասխան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի նկատմամբ Բաքվի համանման քայլի։ ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ֆրանսիական հակահետախուզությունը բացահայտել էր ադրբեջանական հետախուզական ծառայություններին մոտ կանգնած ադրբեջանցի երկու «լրագրողի»: