Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չորս գյուղերի հատվածում, առաջին անգամ կլինի սահմանազատված պետական սահման, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրեսին» այսպես են մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրիլի 19-ին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը, որտեղ նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանի անցումը Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում։
Աշխատակազմը հրապարակել է այսօրվա պայմանավորվածություններն արտահայտող քարտեզը։
«Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն ու արտահայտվեն նաև գետնի վրա։ Սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»,- նշել են աշխատակազմում։
Կառավարությունը հայտարարել է նաև, որ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին:
«Այդ գործընթացը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների»,- հստակեցրել են վարչապետի աշխատակազմից։
Վերահաստատել են, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք՝ արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում»,- հավելել են կառավարությունից։
Անդրադառնալով ապրիլի 19-ի հանդիպմանն արծարծված անկլավ/էքսկլավների հարցին, կառավարությունում ընդգծել են, որ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է»:
«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը»,- նշել են աշխատակազմում։
Կառավարությունը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ «չի զրկվելու ճանապարհից»:
«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ և, գործնականում, էական խնդիրներ չկան»:
Աշխատակազմում նշել են, որ Ոսկեպարը ևս «ճանապարհի խնդիր չի ունենա»։
«Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»,- շեշտել են կառավարությունում։
Դիտարկմանը՝ սահմանազատման գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանն ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին և հարցին՝ ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը, կառավարությունից նշել են, որ «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ»:
«Այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են ՀՀ սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»,- նշել են աշխատակազմում։
Հարցին՝ ի՞նչ է ստանում Հայաստանը, երբ նկարագրված գործընթացով Ադրբեջանն ստանում է 4 գյուղ, կառավարությունից նշել են, որ
«Ադրբեջանն ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո»:
«Իսկ ՀՀ-ն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը նշանակալի իրադարձություն է: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ, լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները:
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների անցումը Տավուշի 4 գյուղերով։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: