Տավուշում ապրիլի 26-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ Կիրանց գյուղի ճանապարհը փակած ցուցարարների միջև։
Բողոքի ակցիայի վայրում իրավիճակը սրվել է սահմանամերձ գոտուց եկող մեքենաների պատճառով։ Ցուցարարները հրաժարվել են թույլ տալ մեքենաներին անցնել։
Ըստ ցուցարարների՝ մեքենաների մեջ եղել են սահմանագծման շրջանակներում քարտեզագրական չափումներ իրականացնող խմբի անդամներ։ Ցուցարարների հետ բանակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ոստիկանության ներկայացուցիչները։
Ցուցարարները պահանջում էին թույլ տալ ստուգել, թե ովքեր են մեքենաներում։ Այնուհետև ոստիկանները հայտարարել են, որ կփակեն ճանապարհը, որից հետո ոստիկանները, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատի անդամները, փորձել են ցուցարարներին հեռացնել մեքենաների կողքից։
Բախման ժամանակ, ըստ ցուցարարների, պայթյուն է լսվել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հերքել է ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կամ այլ հատուկ միջոցի կիրառման մասին տեղեկությունը։
Ինչպես փոխանցում է Armenia Today-ի թղթակիցը՝ բախման ժամանակ մեքենաներում գտնվող մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ դուրս են եկել մեքենաներից։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը կոչ է արել ցուցարարներին բաց թողնել մեքենաները՝ ընդգծելով, որ դրանք դատարկ են։ Նա չի հստակեցրել, թե որտեղ են ուղևորները։ Սրբազանի խոսքից հետո հետո ցուցարարները թույլ են տվել մեքենաներին անցնել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։