Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվել է, հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Նաև նշում են, որ դա տեղի է ունեցել ականները հանելուց և պայթեցնելուց հետո։ ՊՆ-ն տեղեկացրել էր Կիրանցում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ բոլոր կողմերից ելումուտն անարգել է, մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։
Մայիսի 2-ին ոստիկաններն արգելել էին Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նույն օրը՝ ավելի վաղ, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Կիրանցում բերման է ենթարկվել 30 անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը և իրականացնում են «Օղակ» օպերացիա: Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքել էր տեղեկությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։