Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տավուշում ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել։
«Մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե, իբր, ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։
«Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար»,- հավելել են ՆԳՆ-ում։
Մայիսի 2-ին ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Կիրանցում առավոտյան բերման է ենթարկվել 30 անձ, ավելի ուշ բոլոր կիրանցեցիներն ազատ էին արձակել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը և իրականացնում են «Օղակ» օպերացիա:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։