«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթը դեպի Երևան: Երթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ պահանջում են դադարեցնել Ադրբեջանին տարածքներ զիջելու քաղաքականությունը: Մայիսի 4-ի երեկոյան երթի մասնակիցները հասել էին Իջևան։
Ցուցարարները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց։ Սրբազանը նշել է, որ երթի՝ Երևան ժամանելու պահին պետք է առնվազն 50 հազար մարդ լինի։
Մայիսի 5-ին Հաղարծին վանքում արքեպիսկոպոսի գլխավորությամբ պատարագ է անցկացվել։ Նա հայտարարել է, որ երթը լի է ճշմարտությամբ։
«Որևէ դժվարություն և խոչընդոտ այդ ճանապարհին մեզ համար ոչինչ է,- ասաց Սրբազանը՝ զգուշացնելով նաև, որ իշխանությունները կարող են ցուցարարների դեմ սադրիչներ գործի դնել: Նշենք, որ այս պահին երթը շարունակվում է, մասնակիցները շարժվում են դեպի Դիլիջան։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ սկսեց դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են, որ երթով Երևան կհասնեն մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել են մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։