«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած դեպի Երևան երթի մասնակիցները երկրորդ օրը հասել են Գեղարքունիքի մարզ։
Մայիսի 5-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը շարունակվել է Հաղարծինից և հասել Դիլիջան։ Այնուհետև նրանք անցել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղով։ Մայիսի 6-ի առավոտյան երթը կվերսկսվի Սևանա լճի թերակղզու հարակից խաչմերուկից, հայտնում է շարժումը։
Երթի ընթացքում Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները գործում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։
«Մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնության, Հայոց Հայրապետը մեր հայրն է, մեզ օրհնողը, մեր առաջնորդը»,- ասել է նա։
Իր հերթին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, որ շարժումը դարձել է համազգային։ Նրա խոսքով՝ շարժմանը միանում են ժողովրդի տարբեր շերտեր։
«Նրանք մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները և միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- ասել է նա։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը: