Հայաստանի կառավարության օրակարգում չկա Հայոց ցեղասպանության զոհերի անվանացուցակ կազմելու հարց, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
«Այդ թեմայով պարզաբանումներ արդեն տրվել են։ Այս հարցը մեր կառավարության օրակարգում չկա և չի էլ եղել երբեք»,- ասաց վարչապետը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 15-ին հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այս հայտարարությունը տարաբնույթ արձագանք է առաջացրել քաղաքական և փորձագիտական շրջանակներում։
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այս հայտարարությունն անընդունելի էր անվանել։ Նա ասել էր, որ այս հայտարարությունն ուղղված է հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ և սատարում է Թուրքիայի կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը։
Նշենք, որ ըստ MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալների՝ ՀՀ քաղաքացիների գրեթե 54 տոկոսը ցեղասպանության զոհերի անվանացուցակ կազմելու մտադրության մասին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը համարել է թուրքական ծրագիր, որը կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը։