Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում, իսկ այդ գործընթացի թիվ 1 շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը Կիրանցից դեպի Երևան երթ է իրականացնում։
«Այդ շարժման նպատակադրումը պարզ է։ Նպատակը նախորդ իշխանությանը կամ նրանց նախորդներին իշխանության բերելն է, քանի որ եկեղեցու միջոցով իշխանափոխություն իրականացնելու սցենարը 2021 թվականի ընտրություններից հետո ներկայացրել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը (Ռոբերտ Քոչարյան-խմբ․)»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ այն, որ Կաթողիկոսն օրհնում է շարժումը, վկայում է, որ Գարեգին Բ-ն առաջնորդում է այն: Նա նշել է, որ առհասարակ հոգևորականն առանց Կաթողիկոսի թույլտվության և հանձնարարության չի կարող քաղաքական տեքստեր ասել։
«Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Կաթողիկոսն է, իսկ գլխավոր շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա, քանի որ դա ապացուցված փաստ է հրապարակային հայտարարություններով»,- հավելել է Փաշինյանը։
Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։