ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին խուսափել է պատասխանել Հայաստանը լքած արցախցի տեղահանվածների թվի վերաբերյալ կառավարության ունեցած տվյալների մասին Armenia Today-ի թղթակցի հարցին։ Փաշինյանը չի բացահայտել կառավարության «հստակ» գնահատականը։
Միաժամանակ, Փաշինյանն ուռճացված է անվանել այն տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղից շուրջ 16 հազար բռնի տեղահանված լքել է Հայաստանի տարածքը։
«Ձեր հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը։ Մյուս կողմից՝ եկեք արձանագրենք, որ ինչպես ՀՀ քաղաքացիների շրջանում, մարդիկ գնում են և գալիս։ Սա 21-րդ դարի մարդկանց ամենամեծ հատկություններից մեկն է՝ շարժունակությունը։ Ինչ վերաբերում է մեր քաղաքականություններին, ապա ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդիկ տնավորվեն»,- նշել է Փաշինյանը։
Ապրիլի 6-ին «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել Հայաստանի Հանրապետությունը։
2024 թվականի հունվարին արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցներն Armenia Today-ին ասել էին, որ ստիպված են մտածել արտերկրում աշխատելու մասին, քանի որ իրենց առաջարկվող աշխատավարձը, օրինակ՝ որպես դպրոցի ուսուցիչ, թույլ չի տալիս հոգալ բնակարանի վարձակալության և երեխաների խնամքի ծախսերը։