Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է արել միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը կանգնեցնելու նպատակով:
«Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ հետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը»,- շեշտում է Արցախի թեմը:
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը հայտնել է, որ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ մայիսի 8֊ին՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից կմիանան Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Աբովյան քաղաքում։
Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր Տավուշի մարզից սահմանազատում սկսելու Բաքվի հետ համաձայնության մասին։ Նույն օրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներ էին սկսել Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ, ապրիլի 25-ից բողոքի ակցիաները տարածվել էին նաև Հայաստանի այլ մարզերում։
Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանները բռնի ձերբակալություններ էին իրականացրել 30 ցուցարարի նկատմամբ և փակել գյուղ տանող ճանապարհը։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան։ Կազմակերպիչները նախատեսում են, որ երթը Երևան կհասնի մայիսի 9-ի կեսօրին: Մայիսի 5-ին երթի մասնակիցները հասել էին Գեղարքունիքի մարզ, մայիսի 6-ին երթը հասել էր Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, այնուհետև կուղևորվեն Աբովյան քաղաք, որտեղից էլ մայիսի 9-ի առավոտյան կքայլեն Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։