Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել լսել սահմանազատման գործընթացի հետ կապված պահանջները։ Խորհուրդն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ եկեղեցին քաղաքական իշխանության չի ձգտում։
«Կոչ ենք անում իշխանություններին անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում են, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
Գերագույն հոգևոր խորհուրդը շեշտել է՝ ազգային արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տալ անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։
Հոգևոր խորհուրդը նշել է, որ «առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ են հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»։
Մայր Աթոռը ժողովրդին հորդորել է արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից:
Հոգևոր խորհուրդը նաև հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում է բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։
Մայիսի 7-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոգևորականները քաղաքական հայտ են ներկայացնում, իսկ Կաթողիկոսը, ըստ նրա, Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում։
Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր Տավուշի մարզից սահմանազատում սկսելու Բաքվի հետ համաձայնության մասին։ Նույն օրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներ էին սկսել Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ, ապրիլի 25-ից բողոքի ակցիաները տարածվել էին նաև Հայաստանի այլ մարզերում։
Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանները բռնի ձերբակալություններ էին իրականացրել 30 ցուցարարի նկատմամբ և փակել գյուղ տանող ճանապարհը։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան։ Կազմակերպիչները նախատեսում են, որ երթը Երևան կհասնի մայիսի 9-ի կեսօրին: Մայիսի 5-ին երթի մասնակիցները հասել էին Գեղարքունիքի մարզ, մայիսի 6-ին երթը հասել էր Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, այնուհետև կուղևորվեն Աբովյան քաղաք, որտեղից էլ մայիսի 9-ի առավոտյան կքայլեն Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։