Մայիսի 7-ին շարունակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած երթը դեպի Երևան։ Շարժումը պահանջում է հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում զիջումներից։
Մայիսի 4-ից մեկնարկած ակցիան չորրորդ օրը շարունակվել է Երևան-Սևան ճանապարհի խաչմերուկի Սոլակ գյուղից։ Մայիսի 7-ին երթի մասնակիցները հասել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք։ Ըստ շարժման՝ մայիսի 8-ին երթը կուղղվի դեպի Աբովյան, իսկ այնտեղից մայիսի 9-ի առավոտյան դրա մասնակիցները կշարժվեն դեպի Երևան։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով գլխավորում էր քայլերթը, Չարենցավանում նշել է, որ շարժման խնդիրն է ստեղծել «հասարակական լայն հաշտություն»։ «Մեր գործի, մեր անելիքների մեջ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ մի բան չկա, բացի լայն հաշտության օրակարգից»,- ասել է նա։
Երթի ընթացքում սրբազանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ կապված շարժման հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների հետ։
«Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս՝ լինելով երկրի ղեկավար, ես այդ մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։ Նա իր ժողովրդին ահաբեկում է, ստում։ Վերցրեք տարբեր ժամանակներում նրա ասած խոսքերը և համադրեք»,- ասել է Գալստանյանը՝ հավելելով, որ Փաշինյանն ու իր շրջապատն իրենց անհիմն վիրավորանքներ ու պիտակներ են տալիս։
Մայիսի 8-ին նախատեսվում է նաև կազմակերպել երկու երթ, որոնք կմիանան դեպի Երևան ուղևորվող հիմնական ակցիային։
Ինչպես հայտնում է շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորած երթը Երևանի կենտրոնում գտնվող Մատենադարանի շենքից կմեկնի Աբովյան, որտեղ կմիանա Բագրատ Գալստանյանի առաջնորդած ակցիային։
Մեկ այլ ակցիա է նախատեսվում կազմակերպել մայիսի 8-ին՝ Գյումրիից Աբովյան։ Միջոցառումը կանցկացվի Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ։
Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր Տավուշի մարզից սահմանազատում սկսելու Բաքվի հետ համաձայնության մասին։ Նույն օրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներ էին սկսել Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ, ապրիլի 25-ից բողոքի ակցիաները տարածվել էին նաև Հայաստանի այլ մարզերում։
Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանները բռնի ձերբակալություններ էին իրականացրել 30 ցուցարարի նկատմամբ և փակել գյուղ տանող ճանապարհը։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան։ Կազմակերպիչները նախատեսում են, որ երթը Երևան կհասնի մայիսի 9-ի կեսօրին: Մայիսի 5-ին երթի մասնակիցները հասել էին Գեղարքունիքի մարզ, մայիսի 6-ին երթը հասել էր Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, այնուհետև կուղևորվեն Աբովյան քաղաք, որտեղից էլ մայիսի 9-ի առավոտյան կքայլեն Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։