Եվրոպայի և ԱՄՆ-ի 11 երկրների հայ համայնքները ցույցեր և երթեր կանցկացնեն՝ ի պաշտպանություն Տավուշում սահմանազատման և Ադրբեջանին մի շարք տարածքների հանձնման դեմ պայքարող հայաստանյան ցուցարարների, հայտնում է Եվրոպական Արդարության և Ժողովրդավարության Հայ Դաշնությունը (EAFJD):
Մայիսի 12-ին հանրահավաքներ կանցկացվեն եվրոպական ավելի քան 30 քաղաքներում։ Բելգիայի հայերն ակցիաներ կանցկացնեն Բրյուսել և Մեխելեն քաղաքներում, Բուլղարիայի հայերը՝ Վառնայում, Սոֆիայում, Պլովդիվում և Ռուսում, Ֆրանսիայում՝ Ալֆորվիլում, Առնուվիլում, Դեզին-Շարպիոյում, Իսի-Լե-Մուլինոյում, Լիոնում, Մարսելում, Նիցցայում, Փարիզում և Վալանսում։
Հանրահավաքներ տեղի կունենան նաև Ռումինիայի Բուխարեստ, Սուչավա և Կոնստանտա քաղաքներում, շվեդական Սոդերտելյեում, Ստոկհոլմում և Վեստերասում, հունական Սալոնիկում և Թրակիայում, Կիպրոսի Նիկոսիայում, դանիական Կոպենհագենում և բրիտանական Լոնդոնում։
«Սփյուռքն աջակցում է Տավուշի պաշտպանության շարժմանը»,- ասվում է «համաեվրոպական մոբիլիզացիայի» մասին ուղերձում։
ԱՄՆ-ում մայիսի 8-ին և 9-ին բողոքի ցույցեր կանցկացվեն, հաղորդում է Հայ երիտասարդության դաշնակցությունը (AYF): Կալիֆորնիայի հայերը մայիսի 8-ին երթ կանցկացնեն Սուրբ Մարիամ եկեղեցուց դեպի Գլենդելում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսություն։
«Միանալով մեր հայրենակիցների շարժմանը՝ մենք համախմբվում ենք՝ պահպանելու մեր հայրենիքի սահմանների անփոփոխությունը։ Հայաստանի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և ոչ ոք դա չի կարող մեզնից խլել»,- ասված է AYF-ի հայտարարության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակցող ցույցեր կանցկացվեն նաև Վաշինգտոնում, Բոսթոնում, Դետրոյթում, Չիկագոյում, Ուոթերթաունում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։