«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին միանալու կուսակցական որոշում չունենք, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մեզ համար որևէ նախաձեռնության կամ շարժման միանալու գաղափար գոյություն չունի: 1988-ից սկսած՝ անկախ պետականության սկզբից ի վեր, մենք ամենամեծ ցույցերը, ամենամեծ շարժումներն ենք արել: Միշտ եղել է նույն մոտեցումը, որ եթե մենք նախաձեռնում ենք շարժում, եթե հեղինակ ենք կամ համահեղինակ, ինչպես 2014 թվականին էր՝ հրաշալի քառյակի հետ միասին։ Մենք, բնականաբար, ղեկավարում էինք շարժումը և ժողովրդին կոչ էինք անում միանալ՝ պատասխանատվություն կրելով մեր որոշումների, մեր ռազմավարության համար»,- ասել է նա:
Զուրաբյանը նշել է, որ տվյալ դեպքում, որքան էլ համակրեն շարժմանը, չեն կարող պայքարին միանալու կոչ անել, քանի որ համահեղինակ չեն։
«Քանի որ համահեղինակ չենք, չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ: Մենք կհետևենք այս շարժմանը: Քանի որ հանրահավաքի, շարժման տակտիկայի հետ կապված չունենք կուսակցական որոշում, ամեն մեկն իր անհատական որոշումը կկայացնի»,- ասել է Զուրաբյանը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։