Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել հրաժարական ներկայացնելու համար։ Այս մասին Գալստանյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ունեցած ելույթում։ Հանրահավաքի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today YouTube ալիքով։
«Ժամը 18։40 է։ Առաջին անգամ եմ իր անունը տալիս՝ Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական տալու համար։ Ես պատրաստ եմ այս մեկ ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ իշխանություն չունեք և Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը»,- իր խոսքում ասել է նա։
Գալստանյանը մեղադրել է Փաշինյանի կառավարությանը երկիրը կառավարելու բացարձակ անկարողության և անվտանգության ողջ համակարգի փլուզման, Հայ Առաքելական եկեղեցու՝ հայկական ինքնության հիմքերից մեկի վրա հարձակումների, ինչպես նաև կրթական համակարգի փլուզման և սեփական ժողովրդին ահաբեկելու մեջ։
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը Հայաստանի գործող իշխանությանը մեղադրել է արտաքին քաղաքական ոլորտի լիակատար ձախողման և Արցախի հանձնման մեջ։
«Այսօր չկա մի միջազգային հարթակ, որտեղ Հայաստանն ինչ-որ բան ունենա ասելու՝ ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում, ո՛չ արևմուտքում, ո՛չ արևելքում։ Եվ ամենակարևորը՝ Արցախն այսօր չկա»,- ասել է նա։
Գործող իշխանությունը, ըստ արքեպիսկոպոսի, նույնպես ոչինչ չի անում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքներն ազատագրելու համար։
«Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը կոչ է արել հրապարակում հավաքված քաղաքացիներին հավատալ իրենց և մինչև վերջ պայքարել կառավարության հրաժարականի համար։
«Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, անձրևի, կարկուտի տակ կմնանք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակաբար այցելել է Տավուշի համայնքներ, «ստել, խաբել, մոլորեցրել, ահաբեկել և սպառնացել ժողովրդին»։ Դանիելյանը շեշտել է, որ եկել են այդ սպառնալիքների պատասխանը պահանջելու։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ գործընթացը երկու երես ունի՝ իրավական և բարոյական։
«Աշխարհում նախադեպ չկա՝ ուժի սպառնալիքի ներքո միակողմանի զիջել և երաշխիք չտալ, որ պատերազմ չի լինի։ Պատերազմ հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարել անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ, մենք արժանապատիվ, պատվով խաղաղություն ենք ուզում»,- ասել է նա։
Բարոյական կողմը, ըստ նրա, այն է, որ 2021թ․ թե՛ բանավոր, թե՛ գրավոր նախընտրական, կուսակցական ծրագրում որևէ տող չկա այդպիսի սահմանազատման մասին։
Մինչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մուտքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Նրանք փակել են Ամիրյան, Աբովյան, Բյուզանդ, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան փողոցները և դեպի Հանրապետության հրապարակ տանող Տիգրան Մեծի փողոցը։ Հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ձեռքին կան պաստառներ՝ «Նիկոլն իրավասու չէ խոսել համայն հայության անունից», «Զապաս Հայաստան չունենք», «Չենք հնազանդվում նզովյալներին», «Լույսով», «Սիսիանցիները Ձեզ հետ են, Սրբազան հայր» գրություններով։
Ակցիային միացել են ՀՀ նախկին արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Վարդան Օսկանյանը, Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։