Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է շարժման հետագա քայլերի մասին, որոնք պետք է հանգեցնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Նա հավելել է, որ գիշերելու է Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ արքեպիսկոպոսը ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում, ասել էր, որ մեկ ժամ ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար և պատրաստ է Փաշինյանի հետ քննարկել նրա հրաժարականի ժամկետները։ Սակայն մեկ ժամ անց վարչապետից պատասխան չէր ստացել։
Առաջին քայլը, ըստ նրա, այն է, որ խորհրդարանն անվստահություն հայտնի Փաշինյանին, և այդ նպատակին հասնելու համար նա մտադիր է խորհրդակցություններ սկսել խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ։ Եթե դա չաշխատի, ցուցարարները կսկսեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, հավելել է արքեպիսկոպոսը։
«Եվ արդեն երրորդ փուլում մենք հայտարարելու ենք, որ հոգևոր Հայաստանը հաղթել է»,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։