Եթե Վազգեն Գալստանյանը (Բագրատ Սրբազան) ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվելու, ապա 2026 թվականին պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին և հաղթելու դեպքում դառնա վարչապետի թեկնածու, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացի համար նվազագույն ձայներ անգամ ընդդիմությունն ապահովել չի կարողանա, քանի որ չի ստանա ՔՊ-ի աջակցությունը։
«Տվյալ հոգևորականն ասում է՝ 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը, 3 տարի է՝ այստեղ են (ընդդիմությունը- խմբ․), իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2,5 ձայնի հնարավորություն։ Այս պահին, եթե իրենք հնարավորություն տեսնում են, թող հանրայնացնեն։ Ես չեմ տեսնում թեկուզ 1,5 ձայն Բագրատ հոգևորականի կողմից նախանշած»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ տարօրինակ է, երբ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։