Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի շարժման»՝ մայիսի 10-ի անհնազանդության ակցիաների ընթացքում մայրաքաղաքում և մարզերում մի շարք փողոցներ են փակվել։ Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։
«Ազգային ճակատը» հայտնել է, որ քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին, Երևան-Ապարան, Կիրանց-Ոսկեպար ճանապարհները։ Ավելի վաղ՝ ժամը 14։30-ի սահմաններում, տեղեկացրել էին, որ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Սիսիանի հատվածում։
«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» մայիսի 10-ին անհնազանդության ակցիաներ է սկսել Երևանում և մարզերում։ «Ազգային ճակատը» հայտարարել էր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած դասադուլի մասին։ Այսօր առավոտյան քաղաքացիները փակել էին Ազատության պողոտան, Տերյան-Մոսկովյան ճանապարհը։ Բագրատ Սրբազանը ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութերում։