Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երկրորդ հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել դիվանագետներին և զինվորականներին անվտանգային հայեցակարգեր մշակել։
Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակում երկրորդ հանրահավաքն սկսել են «Հայր մեր»-ով։ Բագրատ Սրբազանը նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին մինչև կիրակի երեկո ժամանակ է տվել՝ «խաղաղ բանակցությունների, սահմանազատման և սահմանագծման հստակ հայեցակարգ» մշակելու համար։
Նա պահեստազորի սպաներին ու զինվորականներին խնդրել է պետական անվտանգության բարձրացման անվտանգային համակարգի հայեցակարգ ներկայացնել։
Նա ավելացրել է, որ ինքը տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ ծրագրելու է առաջիկա անելիքները։ Գալստանյանը նշել է, որ պահպանվում է հասարակության մեջ ատելության բարձր աստիճանի խնդիրը։
«Մենք խոսում ենք հաշտության, այս մարդիկ խոսում են ատելության մասին։ Մարդը թունավորվել է մեր երկրում և սրա պատասխանատուն կառավարության շենքում նստած մարդիկ են»,- ասել է նա։
Տավուշի թեմի առաջնորդը հայտնել է նաև շարժման հետագա քայլերի մասին։ Նա նշել է, որ շարժման հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 12-ին՝ ժամը 18։30-ին, միաժամանակ՝ համախոհներին կոչ է արել վաղը ողջ Հայաստանում շարունակել անհնազանդության ակցիաները:
«Վաղը Երևանի և մարզերի 10 տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու»,- նշել է նա և կոչ արել «խաղաղ, բարեկիրթ» բացատրական աշխատանք տանել ՔՊ ներկայացուցիչների հետ։
Գալստանյանը մեկնաբանել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապ ունենալու մասին կարծիքները։
«Ես չեմ հասկանում այս մարդիկ այդքան վախեցած են երկրորդ նախագահի՞ց, թե՞ ինձնից»,- ասել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքում իր ելույթի ժամանակ խոսել է մայիսի 10-ին կայացած ակցիաների մասին՝ ճանապարհների փակում, դասադուլ։ Նա շնորհակալություն է հայտնել տավուշեցու կողքին լինելու համար։
«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» մայիսի 10-ին անհնազանդության ակցիաներ է սկսել Երևանում և մարզերում։ «Ազգային ճակատը» հայտարարել էր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած դասադուլի մասին։ Այսօր առավոտյան քաղաքացիները փակել էին Ազատության պողոտան, Տերյան-Մոսկովյան ճանապարհը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։