Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն Ալմաթիում ավարտվել են առանց պայմանավորվածությունների, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից միայն հայտնել են, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։
«Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:
Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։