«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատգամ է ուղղել Եվրոպայում ապրող հայերին՝ կոչ անելով շարժմանն աջակցող բազմամարդ հավաքներ կազմակերպել։
«Շնորհակալություն ենք հայտնում ձեզ և միևնույն ժամանակ քաջալերում, որպեսզի մեծ թվերով ներկայանաք ձեր կազմակերպած աջակցության հանրահավաքներին, ձեր ձայնը բարձրացնեք՝ այն դարձնելով համահայկական մեծ շարժում ոչ միայն սահմանափակված Հայաստանի տարածքով, այլ ամենուր, որտեղ գեթ մեկ հայ է ապրում»,- իր կոչում նշել է նա։
Գալստանյանը վստահեցրել է, որ Սփյուռքում կազմակերպված ցույցերը ոգևորում են ՀՀ-ում ապրող նրանց հայրենակիցներին։
«Ձեր ձայնի ինքնաարտահայտությամբ մեծ ուժ ու եռանդ եք հաղորդելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին և այս ամբողջ շարժմանը։ Միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»,- ասել է Բագրատ Սրբազանը։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Սրբազանը նաև մայիսի 10-ին հանրահավաքին կոչ էր արել մշակել և կազմել սահմանազատման և անվտանգության հստակ հայեցակարգ։
Մայիսի 10-ին և 11-ին անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։ Մայիսի 11-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 48 մասնակցի:
Մանրամասները՝ տեսանյութում։