Ալմաթիի հռչակագիրը որևէ կերպ չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում որևէ սահմանային նկարագիր, հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում:
Մելիքյանը խոսել է սահմանների սահմանազատման և Բաքվի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ շարժման առաջարկների մասին։ Նա ընդգծել, որ խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման հետ կապված տեղի է ունեցել երկու օրինական գործընթաց։
«Առաջինը՝ 1928-29թթ․ երկու երկրների Գերագույն խոհուրդների կողմից վավերացված քարտեզներն են, երկրորդը 1984-87թթ․ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ մնացած բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները, իրավական հիմք չունեն։
Նրա խոսքով՝ պետք է բացառել հայկական Զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանների ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։
«Սահմանազատման և սահմանագծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն, որը պետք է վավերացված լինի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Եթե այդ գործընթացում ստեղծվի մի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, այն պետք է դրվի հանրաքվեի»,- ասել է Մելիքյանը։
Նա ավելացրել է, որ պետք է բացառել հակառուսական, հակաարևմտյան քաղաքականությունը կամ որևէ այլ հականերով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ վերականգնել ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ։
«Իրականացնել արտաքին քաղաքական օրակարագիր սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսական, հակաարևմտյան կամ որևէ այլ հականերով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն, բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները, պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը»,- հայտարարել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։