Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Հրապարակ» օրաթերթին մեկնաբանել է եկեղեցու պետականակործան գործունեության մասին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը։
Ավելի վաղ ՔՊ պատգամավորը եկեղեցուն մեղադրել էր բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման գործում «անմիջական ավանդ» ունենալու մեջ։
Արքեպիսկոպոսը նմանատիպ հայտարարություններն «անհեթեթություններ» է անվանել։
«Չեմ կարծում անհեթեթությունները մեկնաբանելու կարիք կա: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողություններն առասպելաբանություն համարել, այլ, նախևառաջ, օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»,- ասել է նա:
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին և 13-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի: