ՔՊ պատգամավորները փակ չատում առաջարկել են կրեատիվ պատասխան տալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ պատգամավոր Լուսինե Բադալյանն առարկել է «վերևից իջած հրահանգին»՝ առաջարկելով ավելի կրեատիվ պատասխան տալ շարժմանը, քան Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իրենց սոցցանցերի էջերում հրապարակելը։
Ըստ թերթի աղբյուրի՝ ՔՊ ադմինները երեկ՝ մայիսի 13-ին, ջնջել են ֆեյսբուքյան և տելեգրամյան չաթերի խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից և բացահայտումներից։ Նրանց հանձնարարվել է նաև քարոզել այն թեզը, որ շարժումը թուլանում է։
«Վերևներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է Սրբազանի կողմից իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ թեև ՔՊ ներկայացուցիչները հրապարակավ ցույց են տալիս, թե շարժումը չի սպառնում իշխանություններին, «թիմի ներսից ստացվող տեղեկությունը հակառակի մասին է խոսում»։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։