Հայաստանի բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, վկայում է MPG/Gallup International Association-ի կողմից մայիսի 13-14-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1000 մարդ։
Ըստ MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի՝ Գալստանյանի շարժմանը լիովին դրական է վերաբերվել հարցվածների 35,1 %-ը, ավելի շուտ դրական՝ 17,8 %-ը, ավելի շուտ բացասական՝ 10 %-ը, ընդհանրապես բացասական՝ 23,5 %-ը, իսկ 13,6 %-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների մեծ մասը, սակայն, դժգոհել է շարժման ակտիվիստների կողմից ճանապարհների ու փողոցների փակումը։ Նրանց 55,7 %-ը լիովին բացասական է արտահայտվել, 38 %-ը հավանություն է տվել, իսկ 6,3 %-ը դժվարացել է պատասխանել։ Հարցման համաձայն՝ հայաստանցիների գրեթե կեսը դատապարտել է ոստիկանության գործողությունները բողոքի շարժման ակտիվիստների նկատմամբ։
Հարցվածների 26,9 %-ը լիովին բացասաբար է վերաբերվել քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին կալանավորելուն, իսկ 19,6 %-ը՝ ավելի շուտ բացասական։ Ոստիկանության գործողությունները լիովին հավանության են արժանացել քաղաքացիների 14,3 %-ի կողմից, ավելի շուտ դրական է գնահատել հարցվածների 21,5 %-ը, իսկ հարցվածների 17,7 %-ը դժվարացել է պատասխանել։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։