ՀԱԿ-ի անդամները որոշել են միանշանակ դիրքորոշում չհայտնել Սրբազանի թեկնածության վերաբերյալ և ակնարկել են, որ դա կանեն միայն որոշ հստակեցումներից հետո, հայտնել է ԶԼՄ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ըստ թերթի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն ասել են, որ իրենց համար պետք է հստակ լինի, թե ում է շարժումը դիտարկում որպես վարչապետի միասնական թեկնածու։
«Անգամ եթե հոգևորականն է դառնալու պետության ղեկավար, պետք է հստակ նախանշի, թե ինչ ծրագիր ունի` դեմոկրատ է, լիբերալ, պահպանողական: Նաև՝ խաղաղության պայմանագրին ի՞նչ այլընտրանք է առաջարկում»,- ասել են նրանք Գալստանյանին, գրել է թերթը՝ մեջբերելով նրանց խոսքերը։
Մանուկյանը մայիսի 20-ին չէր մեկնաբանել Գալստանյանին հարցադրումներ ներկայացնելու մասին թերթի տեղեկությունները։ Միևնույն ժամանակ՝ նա ասել է, որ շարժումն իրենց համար ընդունելի է, իսկ Գալստանյանը խոստացել է, որ այդ հարցերի պատասխանները շուտով կհնչեցնի՝ թերևս ակնարկելով կիրակի օրվա՝ մայիսի 26-ի ամփոփիչ հանրահավաքը, հավելել է թերթը։
Մայիսի 9-ին Զուրաբյանը հայտնել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին միանալու կուսակցական որոշում չունեն։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։