Կիրանցում Ադրբեջանին անցնող երկու տան սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչև հունիսի 24-ն ազատել դրանք, գրել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում:
Թերթը գրել է, որ մայիսի 21-ի ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել մարզպետարանի աշխատակիցների և մի խումբ կիրանցիների միջև, որտեղ մի քանի ժամ քննարկվել են գյուղացիների փոխհատուցման հարցերը:
«Խոսքն, առաջնահերթ, այն կիրանցիների մասին է, որոնք սահմանազատման հետևանքով տուն են կորցնում, նաև այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին»,- գրել է թերթը՝ չնշելով, թե քանի տան մասին է խոսքը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այդ անձանց։ Գյուղի «սովխոզ» թաղամասում արդեն սկսվել են տների կառուցման շինաշխատանքները:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։