«Քաղաքացիական պայմանագիրն» ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետի տեղակալ Դեյվիդ Քոհենի պատվիրակության՝ մայիսի 21-ին Հայաստան կատարած այցից հետո փոխել է դիրքորոշումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և նրա առաջնորդի վերաբերյալ, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի պնդմամբ՝ պաշտոնյայի այցից ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ։ Սակայն մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, քննադատում էին շարժումն ու նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:
Ըստ լրատվականի՝ իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով ստեղծված ներքաղաքական իրավիճակում փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ցույց է տվել, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն իրենց երկրի կողմից այս պահին չկա։
Մայիսի 23-ին ՔՊ-ն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ չէր մեկնաբանել Քոհենի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունները։ ԱՄՆ ԿՀՎ պաշտոնյան վարչապետի հետ հանդիպել էր մայիսի 21-ին։