ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման շնորհավորական ուղերձում հայտնել է պետության հարատևության ապահովմանն ուղղված մտածողության նոր բանաձևերի անհրաժեշտության մասին։
«Սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դրա ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու ժողովրդի հայտը չափազանց հավակնոտ ու պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել առանց նրա հարատևությունն ապահովելուն ուղղված պետական մտածողության նոր բանաձևերի»,- ասված է ուղերձում։
Վարչապետի խոսքով՝ առաջին Հանրապետությունը չունեցավ հայեցակարգային խնդիրներ լուծելու ժամանակ և հնարավորություն, սակայն այսօր այդ ժամանակը և հնարավորությունը կան:
«2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները։ Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը»,- գրել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հենց այս բանաձևով է առաջնորդում պետությունը, որտեղ կենսունակ լինելը նշանակում է ի վիճակի լինել պետականությունը, ինքնությունը, արժեքները պահպանել և զարգացնել։
«Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն»,- նշել է վարչապետը:
Նա շեշտել է, որ իշխանությունները դեպի նպատակներ ընթանում են զգուշավոր, շատերի կարծիքով՝ դանդաղ, բայց կարևորն «առանց ընդհատումների»:
«Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը»,- գրել է նա:
Փաշինյանի խոսքով՝ Հանրապետության տոնը խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, երբ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը:
«Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը»,- շեշտել է նա:
Հանրապետության օրը 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն է Հայաստանում, որը նշվում է մայիսի 28-ին։