«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ ավելի քան 18 միլիոն դրամի հափշտակություն են կատարել, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ կենտրոնի տնօրեն Հ.Պ․–ն 2017-2019թթ․ընկած ժամանակահատվածում հիվանդանոցի հավատարմագրային կառավարումն իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ին որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ է գրացել, սակայն նման հաստիք նախատեսված չի եղել։ Երկու տարվա ընթացքում Գ.Զ-ին բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4,5 միլիոն դրամ աշխատավարձ:
ՔԿ-ն պնդել է, որ 2014-2019թթ․ ընկած ժամանակահատվածում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար՝ վարորդին վճարելով 10,1 միլիոն դրամ աշխատավարձ։
ԲԿ տնօրեն Հ.Պ․-ն 2013-2020թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների կեղծ ուղեգրեր, որոնցով կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4,1 դրամ ընդհանուր արժեքով 10,5 հազար լիտր բենզին։
Բժշկական կենտրոնի արդեն հանգուցյալ տնօրենի նկատմամբ ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Գ.Զ-ի և Հ.Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը), իսկ որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը):