Ադրբեջանը կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա, հայտարարել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդվարդ Մարկին՝ Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը կոչ անելով գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները՝ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված հայ պատանդների և գերիների ազատ արձակումն ապահովելու համար:
Սենատորի խոսքով՝ Ադրբեջանը ԼՂ դեմ լայնածավալ պատերազմով ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ստիպել է արտագաղթել և անազնվաբար խոստացել է, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը և կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:
«Փոխարենն Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետև կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին և գեներալներ Լևոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին»,- իր ելույթում նշել է Մարկին։
Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը:
«Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս պահում է տասնյակ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020թ․ ԼՂ պատերազմի ժամանակ»,- ասել է նա։
Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։
«Համատարած զեկույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ի, Մարդու իրավունքների միջազգային դաշնության և ԱՄՆ Պետքարտւղարության, ահազանգում են Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին: Ռուբեն Վարդանյանը՝ իբրև պատժիչ գործողություն, ենթարկվել է մենախցում պահվելու ժամկետի երկարաձգման, անմխիթար պայմանների, ջուր և մաքուր հագուստ տրամադրելու մերժման և ժամեր շարունակ անդադար ոտքի վրա կանգնելու հրամանների: Նա նաև մի քանի շաբաթ շարունակ զրկված է եղել փաստաբանի և ընտանիքի հետ կապից»,- պատմել է Մարկին։
Սենատորի խոսքով՝ չնայած մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ օրինակներին՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը քիչ վնասներ է կրել՝ էթնիկ հայերի նկատմամբ իր դաժան բռնությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանավորումների համար:
«Ալիևի ռեժիմը կարծում է, որ կարող է շարունակաբար գործել միջազգային և Միացյալ Նահանգների օրենքների կոպտագույն խախտումներով, և հենց այդ պատճառով Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝ «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը» և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներ գերեվարմանը։ «Ո՛չ»՝ բանտարկյալներին ու քաղբանտարկյալներին դաժան և անմարդկային պատժի ենթարկմանը, «ո՛չ» տարածաշրջանում էթնիկ հայերի իրավունքների ժխտմանը և «ո՛չ» Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը ևս մեկ օրով հետաձգմանը»,- նշել է սենատորը։
Սենատորը հայտնել է, որ նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին:
«Ադրբեջանն ասում է, թե ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, անպատիժ գործելն է և Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից պարգևատրվելը, այդ թվում՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի կլիմայական COP29 միջազգային կոնֆերանսը հյուրընկալելու արտոնությամբ: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից»,- ասել է նա։
Նա հավելել է, որ սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և կոչ է արել քաղբանտարկյալներին ազատել մինչև կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է տարվա վերջում:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։