ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը 4 ամսով տնային կալանքի տակ էր գտնվում Էկոնոմիկայի նախարարությունում գնումների գործընթացի հետ կապված չարաշահումների գործով, հայտնել է, որ իր տնային կալանքի ժամկետն սպառվել է։
Նա ընդգծել է, որ շարունակում է պնդել իր անմեղությունը և սպասում է առիթի՝ պատմելու, թե ինչպես են քրեական գործեր հարուցվում պետությանը հավատարիմ մարդկանց դեմ։
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն ու Հայաստանի համար նվիրված աշխատելն է, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը»,- գրել է Քերոբյանը։
Նախկին նախարարը շեշտել է, որ առանձնակի ցավով է նշում Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում «անձնվեր ու սրտացավ» աշխատանքն արժանացել է նման «երախտագիտության» այն կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա եկել է Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Ես ուզում եմ իմ շնորհակությունն ու երախտիքը հայտնել Անիին և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դուստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը»,- նշել է նախկին նախարարը։
Նա հավաստիացրել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում, ըստ նրա, իրավապահ համակարգը «ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին»։
Նա նաև ընդգծել է, որ տնային կալանքի ժամանակ անցել է Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը։
«Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն»։
Քերոբյանը նաև հայտնել է, որ տնային կալանքի ընթացքում պապիկ է դարձել։
«Իմ սիրելի ավագ դուստր Նանեն ինձ պարգևեց իմ առաջին թոռնուհուն, ով նոր սիրո աղբյուր դարձավ ինձ համար»,- նշել է նախկին նախարարը։
Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կատարված խուզարկություններից և ՔԿ-ի կողմից գնումների գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին, իսկ ապրիլի 12-ին դատարանը երկու ամսով երկարաձգել էր Քերոբյանի տնային կալանքի ժամկետը։
Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձի, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ինչպես նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում էր նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։