Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ և հայտարարել շուտով մարզում սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսելու մասին, գրել է «Ժողովուրդ»-ը։
Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն օկուպացրել են, հետ են վերադարձվելու։
Նրա խոսքով` սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու, տիրապետելու է բոլոր տվյալներին և գործողություններին, հավատացրել, որ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որևէ խնդրի։
Մարզպետն օրաթերթին հերքել է նման թեմայի քննարկումը հանդիպման ժամանակ։
«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում»,- ասել է նա։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։