ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Բաքվում ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչներին ազատ արձակելու հարցը հասցեագրել Հայաստանին և Ադրբեջանին։
Նա այսպես է մեկնաբանել Բաքվի բանտում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների մասին լուրերը։
«Արդյոք հայ-ադրբեջանական շփումների ընթացքում բարձրացվո՞ւմ է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Հիմա, եթե ինձ տրամադրեք այս տեղեկատվությունը, ինձ թվում է, որ ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ այդ մասին»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման օգտին, որը նախատեսում է նաև բոլոր ձերբակալվածների փոխանակում:
«Մենք պարբերաբար համապատասխան ազդանշաններ ենք փոխանցում երկու կողմերին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։