ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Պաղեստինի պետության վարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
Միրզոյանը նշել է, որ ՀՀ որոշումը պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։