Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաահաբեկչական գործողությունները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել, հայտնում են Կրեմլից։
Նշվում է, որ նախագահները քննարկել են Դաղստանում ահաբեկիչների հարձակումը։ Էրդողանը համերաշխություն է հայտնել ռուս ժողովրդին և դատապարտել ահաբեկչությունը, Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Կրեմլը տեղեկացրել է նաև հանդիպումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
«Նախագահները հանդիպում կունենան հուլիսի 3-4-ն Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում»,- հավելել են Կրեմլում։
Հունիսի 24-ին հայտնել էինք, որ Դաղստանում գրոհայինների հարձակումներից զոհվել է ավելի քան 15 ոստիկան։ Հունիսի 25-ին զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի։ Ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվը 20 է։