Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ՔՊ առանձին դեմքեր, տարբեր ճամբարներ գործուղված հաճախորդներ, հեծանվորդին կից արբանյակներ. սրանք, այն խմբերի ամբողջական շարքն է, որոնց վրա է դրված «ԵՄ անդամագրվելու մեծ ցանկության» թեմայի խաղարկումը»,- նշել է նա:
Աբրահամյանի խոսքով՝ մի բան շատ հստակ է. եթե նույնիսկ Հայաստանը մեծ շուքով հայտարարի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, նույնիսկ դրան ուղղված 1-2 առարկայական քայլ անի, մեկ է, ըստ նրա, սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո´չ վերջն է երևում, ո´չ էլ սպասվող արդյունքը:
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։