«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Կիրանցում ՀՀ-ն միակողմանի փշալարեր է անցկացրել և ականազերծում իրականացրել։ Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ պատգամավորների այցը Կիրանց։
«Եթե այդքան կարևորություն ուներ, ինչո՞ւ ադրբեջանցի պաշտոնյաները չայցելեցին ճաղավանդակը կամ փշալարերը տեսնելու, ուրեմն՝ իրենց համար դա ծիծաղելու առիթ է։ Նրանք այցելում են Շուշի, Ստեփանակերտ, ամբողջ Արցախն են առավոտից գիշեր թմբկահարում և ցույց տալիս»,- ասել է շարժման առաջնորդը։
Գալստանյանը հավելել է, որ իշխանության ներկայացուցիչները Կիրանցի ոչ մի բնակչի հետ չեն հանդիպել։ Նրա խոսքով՝ սահմանին անցկացված փշալարը մարդկային ողբերգության և հայրենիքի կորստյան խորհրդանիշն են։
«Այցելել են ու ասել՝ հպարտ ենք, որ այս ճորտության ու ստրկության հրահանգները կատարել ենք։ Իրավական իմաստով՝ ևս մեկ անգամ ի ցույց են դրել, որ մեր երկրի բոլոր օրենքները, Սահմանադրությունն անտեսում, ոտնակոխ են անում»,- շեշտել է Գալստանյանը։
Խոսելով շարժման առաջիկա քայլերի մասին՝ Գասլտանյանը հայտնել է, որ առաջիկայում այլ բնակավայրեր են այցելելու։ Անդրադառնալով Արագածոտնի մարզ կատարած այցելությանը՝ նա նշել է, որ մթնոլորտի փոփոխություն է տեղի ունենում և մարդիկ միտված են փոփոխությունների։
Այս ընթացքում, ըստ նրա, տարբեր մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել՝ գործարարներ, դասախոսներ, երիտասարդներ, մամուլի ներկայացուցիչներ։ Շարժման հաջորդ հավաքը կայանալու է հուլիսի 11-ին։
ՔՊ պատգամավորները հուլիսի 5-ին այցելել էին Ոսկեպար-Կիրանց սահմանազատված հատված, որի վերաբերյալ հրապարակման տակ պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնաբանություն էր թողել, որ «անսահման հպարտ է իր տեսածով»։ Հուլիսի 6-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։