Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը նախատեսված էր ստորագրել հուլիսի 1-ին, կողմերի միջև դեռ համաձայնեցված չէ, քանի որ Ադրբեջանն ուզում է ինքը որոշել, թե որն է հաջորդ սահմանազատվող տարածքը, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ այդ կանոնակարգի՝ իբրև թե պետք է իրականացվեր սահմանազատումը, գծվեին հայ-ադրբեջանական սահմանները և պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդիվ սահմանազատվելու:
Ըստ թերթի՝ հայկական կողմը դիմադրում է՝ ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ադրբեջանական կողմի ցանկությամբ, այժմ պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքը՝ Ջերմուկ, Գեղարքունիք։
«Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջևան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենն ստանա։ Նաև պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավին` Տավուշի մարզից 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու»,- գրել է թերթը:
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։
Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։