Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր աղբյուրներին։
«Սրանով է թերևս պայմանավորված այն, որ վարչապետը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր Սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն Ադրբեջանի իր գործընկերոջն ասել է, որ ժողովուրդը Սահմանադրություն փոխելու գործընթացի դեպքում կարող է ընդվզել, ինչի արդյունքում սահմանադրական հանրաքվեն ոչ միայն կտապալվի, այլև իշխանության կգան «ռևանշիստները»։
Փետրվարի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից պահանջել էր փոխել Սահմանադրությունը, հանել «Ադրբեջանի ինքնիշխանության դեմ» դրույթները։ Հունիսի 6-ին Ալիևը բացառել էր Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն առանց Սահմանադրության փոփոխության։ Ըստ Ալիևի՝ «եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կդառնա»։ Հունիսի 7-ին, արձագանքելով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին, Հայաստանի արտգործնախարարությունը Բաքվին մեղադրել էր ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ։ Այդուհանդերձ, հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահը կրկնել էր «Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության» պահանջը և այն անվանել խաղաղության «գլխավոր պայման»։