ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց փակագծեր բացելու ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը մտադիր է Ռուսաստանի հետ մերձեցման գնալ։
«Կան տեղեկություններ, որ նա մտադիր է «անառակ որդու» պես վերադառնալ «մայր Ռուսաստանի» գիրկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Հայաստանին չընդունեց, հավուր պատշաճի չֆինանսավորեց, քայլեր չարեց այդ ուղղությամբ և անվտանգության բավարար երաշխիքներ չտվեց»,- ասված է հրապարակման մեջ։
Հունիսի 13-ին Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր անվանել կազմակերպությունից Բելառուսի դուրս գալը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից Լուկաշենկոյին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։
Հունիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն Ալմաթիում չի քննարկել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը, քանի որ «համապատասխան հարցում չի ստացվել»։