Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին, ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ՝ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը։
«Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում»,- հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի պակտի» ընդունմանը:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, ԶԼՄ-ներ և հասարակական գործիչներ ստորագրել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին ուղղված հայտարարություն, ուր նշել են արցախցիների՝ ԼՂ վերադարձի պայմանների ապահովման պահանջի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։