Վերջին շրջանում Գյումրիի համայնքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտ է տիրում, ինչի արդյունքում «իշխանափոխություն» է հասունանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ներքին խռովություն է առաջացել «Բալասանյան դաշինքի» ներսում: Բանն այն է, որ նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դստեր՝ Լուսինե Սանոյանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո դաշինքում տրամադրություններ են փոխվել: Մեր տեղեկություններով՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը «Բալասանյան դաշինքի» իրական ղեկավարն է, առաջիկայում քաղաքապետի փոփոխություն է նախատեսել․ այդ պաշտոնը պատրաստվում է հանձնել քրոջ դստերը՝ Լուսինե Սանոյանին՝ իրագործելով նրա վաղեմի ցանկությունը»,- գրում է լրատվամիջոցը։
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը քաղաքում տեղի ունեցող խոշոր իրադարձություններին չի մասնակցում, փոխարենը՝ առաջին պլանում է հայտնվել Սանոյանը։ Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Սանոյանը մեծ սեր ունի սոցցանցերի նկատմամբ և նկատողություն է անում այն աշխատողներին, ովքեր չեն «լայքել» իր լուսանկարները:
«Այն, ինչ կատարվում է Գյումրիում, բնականաբար, Վարդգես Սամսոնյանի սրտով չէ։ Նա չի ցանկանում զիջել քաղաքապետի աթոռը, և դա է պատճառը, որ հակադրվում է Բալասանյանին․ նախկին քաղաքապետի և Սամսոնյանի միջև որոշակի տարաձայնություններ են առաջացել: Սակայն դաշինքի ներսում ոչ բոլորն են կիսում Բալասանյանի մտադրությունը: Մեր տեղեկություններով՝ կոնֆլիկտներից որոշ ժամանակով խուսափելու համար ներկայիս քաղաքապետն արձակուրդ է վերցրել՝ հեռանալով երկրից»,- ասված է հրապարակման մեջ։