Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակմանը։ Ծառուկյանն իր Facebook-յան էջում հայտարարել է, որ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար լարված ժամանակաշրջանում, ինչի պատճառով մարզական համայնքը կարևորագույն առաքելություն ունի։
«Մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։ Որպես ՀԱՕԿ նախագահ՝ կոչ եմ անում գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու այնտեղ կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հայ գերիների վերադարձի հարցը Երևանի օրակարգում է և հայկական կողմից բարձրաձայնվում է Բաքվի հետ բանակցություններում:
Օլիմպիական խաղերն անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։