Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին կայացած 5-րդ հանդիպումից հետո կարծիքներ են փոխանակել հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Ռուբինյանը հանդիպումն անվանել է «լավ», Քըլըչը՝ «կառուցողական»։
«Լավ հանդիպում ունեցանք Քըլըչի հետ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման տեխնիկական պահանջների գնահատումը»,- գրել է Ռուբինյանը։
Թուրքական կողմի բանագնացը նշել է հետագա առաջընթացի հնարավորությունները։
«Մենք քննարկել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և կառուցողական փոխըմբռնման պայմաններում հետագա առաջընթացի հնարավորությունները»,- հավելել է Քըլըչը։
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։