ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Հարավային Կովկասը երկրորդ ճակատի վերածել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։ Նա նշել է, որ Արևմուտքն այդ նպատակը փորձում է իրագործել ռուսական սահմանների մոտ։ Նա այդպես է արձագանքել Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկի մասին հարցին։
«Տարածաշրջանում գլխավորն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ գործողություններն են՝ ուղղված Հարավային Կովկասում ստեղծված կապերի խզմանը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, այն դարձնել լարվածության հերթական օջախ կամ նույնիսկ երկրորդ ճակատ՝ ռուսական սահմանների մոտ»,- նշել է Նաստասյինը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերոնշյալ նպատակներն իրագործելու համար փորձում են խառնվել տարածաշրջանային գործընկերների հարաբերություններին։
«Նրանք փորձում են ներթափանցել տարածաշրջանային գործընկերների հետ մեր բազմակողմ հարաբերությունների ոլորտներ։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության թեմային»,- շեշտել է նա։
Հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերին պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին պատերազմով էր սպառնացել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ուղղված աջակցության շարունակության դեպքում։ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Բաքվի փորձերն անընդունելի են։
Մանրամասները՝ տեսանյութում։