Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել հուլիսի 30-ին կայացած Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
«Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երեկ կարևոր հանդիպում են ունեցել հայ-թուրքական սահմանին։ Հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի վերականգնումը Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման կարևոր տարրեր են»,- X-ում գրել է Կլաարը։
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։